Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նախագահ Ալիևի ինչի՞ն են պետք մասոնները

Նախագահ Ալիևի ինչի՞ն են պետք մասոնները
02.07.2018 | 22:46

Ռուսական մասոնական լոժայի ղեկավար, քաղաքագետ Անդրեյ Բոգդանովը մեկնել է Բաքու: «Ես արդեն 10 տարի միևնույն ժամանակ լինում եմ Բաքվում: Եկել եմ մասնակցելու Ադրբեջանի մասոնական մեծ լոժայի հավաքին»` հայտարարեց նա տեղական լրատվամիջոցներին` առանց հանդիպումը մանրամասնելու: Իհարկե, մասոններն աշխարհի ամենափակ կառույցն են: Ամենաանհավանական լուրերն են պտտվում համաշխարհային քաղաքականության վրա նրանց հզոր ազդեցության ու վիթխարի հարստության մասին: Ինչն է իրական, ինչը` ոչ, հայտնի չէ: Բայց լոժայի հայտնվելն այս կամ այն երկրում ու տարածաշրջանում սովորական իրադարձություն չէ: Ադրբեջանի Sputnik պորտալին Բոգդանովը հետաքրքրիր պատմություն է փոխանցել: Պարզվում է` 2008-ին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մասոնական մեծ լոժաների անմիջական մասնակցությամբ է ստեղծվել Ադրբեջանի ազգային մեծ լոժան: Նախապատրաստական աշխատանքները Բաքվում սկսվել են 2005-2006-ին, երբ Ադրբեջանի արդարադատության նախարարություն «քարտաշների» կազմակերպության գրանցման հայտ ներկայացվեց: Այն ժամանակ ասվում էր, որ մասոն են դարձել «բազմաթիվ բիզնեսմեններ, որոշ քաղաքական գործիչներ, մարզիկներ ու ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ»:

Այդ նախագծի ակտիվիստներից մեկը պատմել է, որ խնդիր է դրվում «յուրայիններին ներդնել կառավարություն, աջակցել արդեն կայացած քաղաքական գործիչներին», ընդ որում` «ընդդիմադիր կուսակցությունների անդամների մեջ ես չեմ տեսնում հեռանկարային քաղաքական գործիչներ»: Ակտիվիստն իր մասին պատմել է. «Մոտ մեկ տարի ես սովորել եմ արտասահմանում, աշխարհում գործող մասոնական լոժաների բոլոր վարպետներն ինձ ընդունել են և ես դարձել եմ Ադրբեջանում «Մասոնի» ղեկավարը: Կտեսնեք, որ շուտով «Մասոնի» դիրքերը Ադրբեջանում շատ ուժեղ կլինեն»: Իրոք, մասոնական թեմաները սկսեցին հաճախակի հայտնվել մամուլում, Բաքվի հին դաստակերտերում սկսեցին մասոնական խորհրդանիշներ երևալ: Մասոնական սանդղակ կա նաև 50 մանաթի վրա: 7 աստիճանով սանդղակը մասոններին տանում է Սողոմոն թագավորի տաճար: Պատմաբաններն ասում են, որ Ադրբեջանում մասոնական առաջին լոժայի ստեղծող Մամեդամին Ռասուլզադեն «մոտ էր մասոններին» և «համամիտ էր մասոնության հիմքում ընկած եղբայրության ու հավասարության գաղափարներին»: Ստացվում է` Բոգդանովի այցը Բաքու կապված է մասոնների հայտնվելու, ավելի ճիշտ` վերադարձի 19-ամյակի հետ: Իր հարցազրույցներից մեկում նա հայտարարեց, որ «լոժաների աշխատանքում չեն քննարկվում քաղաքական հարցեր, մասոնների շարքերում կան իրենց երկրներում հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում հեղինակավոր անձինք» և «այդ պատճառով, իհարկե, ինչ-որ ազդեցություն որոշումների ընդունման վրա կա»:

Ինտրիգն այն դերն է, որ մասոնները հատկացնում են միմյանց ադրբեջանահայկական հարաբերությունների զարգացման ենթատեքստում: Մի կողմից` Բաքվի որոշ մասոններ, անանունության իրավունքով հաստատում են, որ մասոնների մեջ հայեր չկան: Մյուս կողմից, ինչպես Բոգդանովն է ասում` մասոնները Հայաստանում վերականգնվել են ադրբեջանցիներից առաջ: Նրանք արդեն 15 տարի գոյություն ունեն, կոչվում են «Հայաստանի մեծ լոժա» (Grand Lodge of Armenia): Ադրբեջանի ու Հայաստանի մասոնները միմյանց չեն ընդունում և հանդիպում են միայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի մեծ լոժաների հավաքներում, կամ ինչ-որ տեղ Եվրոպայում: Նրանց միջև լոժաներում անդրկուլիսային կոշտ պայքար է: Դա` առաջին: Երկրորդ` Բաքու այցից առաջ Բոգդանովը դիմեց Ադրբեջանի ԱԳՆ` խնդրելով իր անունը հանել «սև ցուցակից», ուր հայտնվել էր Լեռնային Ղարաբաղ այցի համար, երբ «մեծ ցանկություն էր ունեցել այցելել կնոջ պապի գերեզմանին», և «իր այցի մեջ քաղաքական որևէ ենթատեքստ չկար, հայտարարություններ չի արել, հիացել է բնությունով»: Իսկ ավելի ուշ Բոգդանովը հայտարարեց, որ «հարգում է Ադրբեջանի Հանրապետության ինքնինշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: Տարօրինակ է, որ ռուս որոշ քաղաքական գործիչների, համատեղության կարգով` մասոնների, «արհմիության» շահերը համընկնում են Բաքվի շահերի հետ: Նրանք հավաքվել են «ազատագրված» Չոջուխ Մարջանլի գյուղում` մասնակցելու «Աշխարհաքաղաքական առանցքները Մոսկվայի միջով` Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում» միջազգային կոնֆերանսին: Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Միջազգային կոնֆերանսին մասնակցել են նաև Կրեմլի հովանավորյալ «Իզբորյան» ակումբի և Միջազգային Եվրասիական շարժման ներկայացուցիչները՝ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը, Ալեքսեյ Եզուբովը, քաղաքագետ Եվգենի Բախրևսկին: Նրանք
այցելել են ադրբեջանական բանակի դիրքեր և հաջող ծառայություն մաղթել զինվորներին: Ինչու՞ հիմա: Երբ Բաքուն հուլիսի 2-ից տարբեր տեսակի զորքերի, զորամիավորումերի և բանակի միավորումների ներգրավումով զորավարժություններ է անում, որին 20000 զինծառայող է մասնակցում: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ՊՆ խորհրդակցության ժամանակ ասել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը «օկուպացված տարածքների ազատագրման» համար զորքերի գործողությունների տարբեր սցենարների մշակումն է։ Փաստացի` մոսկովյան հյուրերն աջակցում են «օկուպացված տարածքների ազատագրմանը»: Արտահայտու՞մ են նրանք ՌԴ պաշտոնական տեսակետը: Պաշտոնապես` ոչ, իրականում` այո: Ռուսաստանում ոչինչ առանց Կրեմլի գիտության չի լինում: Նրանք նախազգուշացնում են: Դեռ:
Միջազգային Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը իրենց նախաձեռնությունը համարել է Պուտին- Ալիև պայմանավորվածությունների հետևանք և իր ելույթում խոսել է Երևանի, Բաքվի և Մոսկվայի կողմից համաձայնեցված «ճանապարհային քարտեզի» մասին, որը նախատեսում է ԼՂՀ հարակից հինգ շրջանների վերադարձ Ադրբեջանին: Ըստ Դուգինի` Սերժ Սարգսյանը խոստացել էր դա անել վարչապետ ընտրվելուց հետո:


Մասոնները` մասոններ, բայց կան հարցեր նաև ոչ մասոններին: Օրինակ` ի՞նչ էր ասում Դուգինը: Ճի՞շտը, թե՞ հերթական սուտն էր դնում շրջանառության մեջ: Եթե հավատանք, որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ վարում է հավասարահեռության քաղաքականություն, պիտի սպասենք, որ ՌԴ Պետդումայի մի քանի պատգամավոր ու մի քանի փորձագետ էլ Հայաստան են գալու, դիրքերում նկարվելու` փաստելու, որ Հարավային Կովկասում Հայաստանն է Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը: Հռետորական է հարցը, թե ում դաշնակիցն է Ռուսաստանը Հարավային Կովկասում: Իր շահի: ՈՒ դա հասկանալը քաղաքական կամքի հետ կապ չունի: Տրամաբանություն է և իրականություն, որից բխում է Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտորության անհրաժեշտությունը: Միայն թե ոչ փոխլրացման սկզբունքով, որ այդպես էլ ոչինչ չլրացրեց: Իսկ ադրբեջանցի մասոնների խնդիրը մեկն է` Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմի արտոնություն ստանալ և երաշխիք, որ գերտերությունները չեն միջամտի, երբ Ադրբեջանը հաղթի, և անմիջապես կխառնվեն, երբ պարտվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ